«ԷՍ ՊԱՐՏՔԵՐԻ ՏԵՏՐԸ ԻՐԵՆՑ ԽԻՂՃՆ Է»
Սյունիքի մարզի Լիճք համայնքի միակ խանութը պատկանում է համագյուղացի ԽԱՉԻԿԻՆ, որ թեև ընտանիքի հետ ապրում է Մեղրիում, սակայն գյուղում մնացած ծնողներին չի ցանկանում մենակ թողնել, երբեմն գալիս է գյուղ, նրանց հետ ապրելու, միաժամանակ էլ խանութ է բացել: Խանութն անուն չունի, ավելի ճիշտ, երբ ինքը մի օր գյուղից բացակայել է, մի քանի համագյուղացի խանութի ճակատին գրել են «Խաչիկի խանութ», եկել, տեսել, վրդովվել է, բայց հետո համակերպվել է: Վաճառասեղանին մի հաստափոր, պարտքերի տետր տեսա: «Տարիներով պարտքեր են արել, թողել ու հեռացել են գյուղից, ամբողջ պարտքը մնացել է վրաս: Գյուղի կողքի հանքը որ կար, մարդիկ աշխատում էին, գալիս արխային մթերքը վերցնում էին, խոստանալով, թե էսօր-էգուց պարտքը կմարեն, հանքը փակվեց, իրենք էլ գնացին ու մոռացան պարտքերը: Էս պարտքերի տետրը իրենց խիղճն է: Վնասով եմ աշխատում, բայց ի՞նչ անեմ»,- ասում է Խաչիկը:
Նրա պատմելով, նախկինում գյուղի բնակիչները լավ էին ապրում, դպրոցում շուրջ 300 աշակերտ կար, այսօր գյուղն աշակերտ չունի: Երեխաներն ընտանիքների հետ տեղափովել են Քաջարան, ինչի պատճառով դպրոցը սեպտեմբերի 1-ից փակվել է: Ձմռանը 20 ընտանիք է ապրում, մյուսները մեկնում են Մեղրի, Կապան կամ Ագարակ: Խաչիկի պատմելով, մի քանի տարի առաջ մարդիկ եկան, գյուղից ոչ հեռու տարածքները չափուձև արեցին, անօրինական կարգով գյուղացիներից գնեցին նրանց սեփական հողերն ու անտառի մի մեծ հատվածի հետ սկսեցին հողը քանդել: Գյուղի բնակիչները դժգոհ էին, քանի որ պայթեցումներից ջուրը պղտորվում էր, խմելու համար դառնում անպիտան, անտառը ոչնչանում էր, բայց Սուրիկ Խաչատրյանի վախից լռում էին ու համաձայնում սեփական հողը վաճառելուն: Շատերը տան դռները փակեցին ու հեռացան գյուղից: Խաչիկի համոզմամբ նման անօրինությունների դեմ պայքարելը դժվար է. մի ծաղկով գարուն չի գա:
ՎԱ՜Յ ԷՆ ՄԱՐԴՈՒՆ, ՈՎ ՕԳՆՈՂ ՉՈՒՆԻ
Գյուղապետարանի շենքի մոտ, սառնորակ աղբյուրի կողքին նստած տիկին ՀԱՍՄԻԿԻ հետ զրուցում եմ գյուղի կնոջ կյանքից: Պարզվում է, գյուղի հիմնական բնակիչները տարեցներն են, միջին տարիքի տղամարդիկ մեկնել են արտագնա աշխատանքի` տան, հողամասի ու վառելափայտի հոգսը թողնելով կանանց ուսերին: «Հողամասից ու անտառի բերանից հին ու չոր ծառերը բերում եմ, բայց բավարար չի: Վա՜յ էն մարդուն, ով օգնող չունի: Տղամարդու գործն էլ եմ ես անում, փայտը կտրատում եմ, բերում դասավորում, հողն էլ եմ փխրեցնում ու մշակում: Մթերքն էլ, դե, մի տարի կարտոֆիլն է լավ լինում, մի տարի միրգը, նայած: Էս տարի ընկույզը քիչ է, կարկուտը կոտրեց եղածը: Անասուն չեմ պահում, հնար չունեմ, գյուղում պահողներ կան, բայց քիչ են: Մեր անտառներում գայլեր կան, պատահել է, որ մի քանի ոչխար են փախցրել»,- ասում է տիկին Հասմիկն ու ավելացնում, որ Լիճքի հարստությունն իր չքնաղ բնությունն է, օդն ու ջուրը, ջրվեժներն ու եկեղեցին, որ իրենց գյուղն էլ զբոսաշրջիկներ են գալիս, բնությամբ հիանում, երբեմն էլ առևտուր անում ու գնում: Գյուղում տրանսպորտ չկա, Մեղրի կամ Ագարակ մեկնելու համար պետք է քայլել մինչև գյուղից 3 կմ հեռու գտնվող կանգառը՝ միկրոավտոբուս նստելու համար:
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՇՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ
ՀՈՎԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԸ 1996 թվականից Լիքճ համայնքի ղեկավարն է և միայն 2016 թ. համայնքների խոշորացումից հետո նշանակվեց նույն գյուղի վարչական ղեկավար: Հետաքրքրվեցի` որքա՞ն բնակիչ ունի Լիճքը: Հովիկ Միրզոյանն ասաց.
-Առաջ բնակչության թիվը քառապատիկ էր, կար 260 ընտրող, խոշորացումից հետո ընտրության ժամանակ 125 ընտրող ունեինք, իսկ այսօր մի 65 ընտրող կա:
Վարչական ղեկավարի խոսքով, շատերը հեռացան գյուղից, հատկապես երիտասարդները, ովքեր ապագա չտեսան գյուղում: Գյուղը չէր դատարկվի, եթե Լիճքին կից «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից շագահործվող հանքը շարունակեր գործել: Հանքի փակվելուց հետո շատերը մեկնեցին Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատելու, իրենց հետ տանելով նաև ընտանիքները: Զրույցի ընթացքում Հովիկ Միրզոյանը նշեց, որ սեփական հողերի վաճառքն առանց բնակիչների համաձայնության չի եղել, թեև վերջիններս պնդում են, թե չեն իմացել ինչ են ստորագրել: «Ո՞նց չեն իմացել, երբ ստորագրել են սեփական հողի 1 քառակուսի մետրը 800 դրամով վաճառքի դիմաց: Հիմա էլ հայտարարում են, թե ես կողմ եմ եղել հանքի շահագործմանը, նման բան չկա»:
Լիճք բնակավայրի վարչական ղեկավարը շատ էլ ոգևորված չէր համայնքների խոշորացման արդյունքից: «Իրատեսի» հետ զրույցում դժգոհեց վառելափայտի պակասից: Ծովի մակարդակից 1800 մետր բարձրության վրա գտնվող բնակավայրում շուրջ 7 ամիս ձմեռ է, ու զավեշտն այն է, որ անտառներով շրջապատված գյուղն իր ջեռուցման հարցը լուծել չի կարողանում, ավելի ճիշտ՝ օրենքը թույլ չի տալիս: «Էսօր չենք կարող մոտենալ անտառին, ճանապարհ չկա, որ կարողանանք գոնե թափուկ բերել, վառել: «Արևիկ» ազգային պարկից ժամանակին օգտվել ենք, համայնքի ենթակայության անտառից օգտվել ենք, բայց ազգային պարկ չենք մտել: Բնապահպանները պայքարում էին, որ չթողնեն ծառ կտրենք, բայց տարիների ընթացքում մատղաշ շիվերը նորից ծառ են դարձել, ու էլի անտառ է գոյացել: Մեր առաջարկը, պահանջն էն է, որ հատուկ մարդիկ նշանակեն, ովքեր տեղերը կորոշեն, թե շրջակա հատվածներում ո՞ր ծառերն են կտրվելու, գոնե մարդիկ օգտվեն: Էտ բրիկետ ասածը չի արդարացնում, դրա 1 տոննան կազմում էր 80 հազար դրամ, բայց մինչև բերում հասցնում են, դառնում էր 100 հազար, թեև բնակչին տրվում էր անվճար, քանի որ դրա գումարը վճարում էր վայրի բնության պաշտպանության կոմիտեն: Գազիֆիկացման մասին էլ խոսք չկա: Ո՛չ գազ կա, ո՛չ փայտ, էլեկտրասյուներն այնքան հին են, որ գյուղն օրերով հոսանքազրկված է մնում»:
ԼԻՃՔԻ ՏԱՐԵՑՆԵՐԸ ԳՅՈՒՂԸ ԼՔԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
80-ամյա ՕԼՅԱ տատը ծնվել, մեծացել է Լիճքում, երկար տարիներ աշխատել է գյուղի մանկապարտեզում որպես դաստիարակչուհի, ու թեև իր սաներն արդեն հասուն մարդիկ են, ընտանիքավոր, թողել հեռացել են հարազատ գյուղից, բայց նա մտադիր չէ հեռանալու: Օլյա տատը պատմում է, որ հնում գյուղը մի քանի անուն է ունեցել՝ Լեշկին, Լեճկին, Լիճ, Լիճք, Շեշկերտ: Գյուղից դուրս գտնվող մի քանի լիճ կա, որի համար բնակիչները գյուղը կոչել են Լիճք: Օլյա տատը սիրում է գյուղը, որի հետ շատ հուշեր կան կապված, ու չի հեռանա, որովհետև չի ցանկանում ամուսնու գերեզմանն անտեր թողնել: Զավակները թող ողջ լինեն իրենց համար, մի ցանկություն ունի՝ ոչ մեկի հույսին չմնա:
Գյուղի տարեցներից մեկն էլ կատակում է, թե ջահելները հեռացել են, հիմա իրենց վերմակները շատացել են, ու իրենց վրա մեկի փոխարեն մի քանի վերմակ կգցեն վրաները, որ չմրսեն ու այդպես ձմեռը դուրս կտան:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հ.Գ. Հրապարակումը պատրաստվել է միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում: